13/11/2024 17:44
Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում է շատ կարևոր ու արդյունավետ:
«Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ՝ իմ ու հետո՝ ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ ընդհանրապես չէինք ունեցել։ Գոնե ես զգում էի, որ մի քիչ էլ կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդներները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր ենք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի կարիք, այլև` ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում են առաջիկա հարյուրամյակներում պատրաստվում կողք կողքի ապրել:
«Ռազմավարական գործարքի մասի մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում, չնայած` այդ խոսակցությունը դեռ պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց նաև, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը:
Կազանում տեղի ունեցած հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Փաշինյանի, այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող են ունենալ լուծում, որը կարող է հասցեագրել ու փոխադարձ, լիարժեքորեն լինել ընդունելի:
«Մենք այս առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա: