14/11/2024 14:53
Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը փակագծեր է բացել իրենց առաջ քաշած «իրական Հայաստան»-ի մասին։
«Երբ խոսում ենք իրական և պատմական Հայաստանի հակադրության մասին, խոսում ենք այն բանի մասին, որ մարդիկ անուրջներով չապրեն, այդ թվում՝ նաև դուք, որովհետև մարդը, որը գնում, խաղամոլությամբ է զբաղվում, նրանից է, որ նա անուրջներով է ապրում, իրեն թվում է, թե միլիոնատեր է դառնալու։ Իրական Հայաստանն էլ է դրա մասին, դուք ուզում եք՝ մարդիկ գնան կազինո, խաղան, գիտե՞ք ինչի վրա՝ պատմական Հայաստանի: «Ձեռք կբերեք պատմական Հայաստան, գնացե՛ք և 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք ձեր էսօրվա ունեցածը, ձեր քրտինքը, ձեր ծնողների վաստակը, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող է վիլլա ունենաք»:
Մի արեք դա, որովհետև մենք ասում ենք՝ իրական Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը, և դուք այսօր արդեն միլիարդատեր եք, որովհետև Հայաստան ունեք, անկախություն ունեք: Դրան հոգատարությամբ վերաբերվեք»,- դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ ասաց Հակոբ Արշակյանը։
Նա կոչ է անում ամեն քաղաքացու հոգատարությամբ վերաբերվել, ամեն աղբ թափողին ասել՝ «ես կվերցնեմ քո փոխարեն աղբը»։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ չի կարելի գիշեր-ցերեկ քնել ու արթնանալ և ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր և մենք ամեն օր պետք է դրա մասին խոսենք»։
«Ո՛չ, մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի: Ի՞նչ քար եք դնում մեր պետության և պետականության ակունքներում, զարգացման հիմքի վրա։ Իրական Հայաստանը կա, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց Արշակյանը։