14/11/2024 10:01
ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են
Եվրասիական տնտեսական միության երկրներում 2023 թվականին արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ արտադրական արդյունաբերության մեջ նկատվել է արտադրանքի ծավալների զգալի աճ։ Միության անդամ երկրների արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն ավելացել է 3,7%-ով, իսկ վերամշակող արդյունաբերության ծավալը՝ 7,4%-ով։
Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանն՝ ընդգծելով, որ այդ աճն արձանագրվել է բոլոր անդամ պետություններում։ Վիճակագրական տվյալները հաստատում են, որ Եվրասիական տնտեսական միության երկրները արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են։
«Այս ցուցանիշներն, իհարկե, վկայում են միության երկրների արդյունաբերական քաղաքականության արդյունավետության մասին, որն ուղղված է կայուն աճի պահպանմանը։ Մեկ ամիս առաջ Երևանում կայացած Միջկառավարական խորհրդի շրջանակներում մենք հաստատեցինք շատ կարևոր փաստաթուղթ՝ «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը», որը ռազմավարական փաստաթուղթ է։ Այնտեղ ներառված են արդյունաբերական քաղաքականության խորացման և ընդլայնման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների առաջնահերթությունները»,- նշել է Գ. Բարսեղյանը և ավելացրել, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունաբերության ցուցանիշների դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտադրության ծավալները 21 ոլորտներից 19-ում շարունակում են աճել։ Աճի նվազում նկատվում է միայն նավթամթերքի (-3,2%) և մեքենաների ու սարքավորումների արտադրության (-0,9%) ոլորտներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։