14/11/2024 13:12
COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ)
Ես ինչո՞ւ Ադրբեջանում չեմ և չեմ մասնակցում COP29-ին՝ շատ պարզ պատճառով, քանի որ իմ և մյուս էկո ակտիվիստների հիմնական սկզբունքը և օրակարգերն անհամեմատ տարբեր են. այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» համաժողովի ժամանակ ասաց հայտնի էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը:
«Ադրբեջանը շատ ռեպրեսիվ երկիր է, որը վառելիք հանածոների արտադրություն է ուզում ընդլայնել և նաև պատասխանատու է էթնիկ զտման համար: Նվազագույնը, որ պետք է ասեմ՝ պարզապես, զզվանք է առաջացնում այդ երկերեսանիությունը ու կեղծավորությունը, որ կլիմային նվիրված կոնֆերանսը տեղի է ունենում այդ երկրում»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այդ սարսափելի հանցագործությունները կատարել ու չպատժվել, այլև նրանց համար դռներ են բացվում ամբողջ աշխարհում։ «Նրանց խոսք է տրվում՝ օրինականացնելով մարդու իրավունքների այս սարսափելի խախտումներն ու էթնիկ զտումները: Աշխարհը լուռ է և նրանց տալիս է այդ հնարավորությունը»,-ասաց նա։
Գրետա Թունբերգի խոսքով՝ ձևացնում են, թե իբր կլիմային վերաբերող կոնֆերանս է, որն անցկացվում է մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի, ճնշում է իր իսկ բնակչությանը:
«Ադրբեջանցի ակտիվիստներից շատերն են ասում, որ, կարծես, բանտում են ապրում: Մինչ մենք խոսում ենք սրա մասին, քաղհասարակության վրա ճնշումներ են գործադրվում»,-ասաց նա։
Բնապահպանն անդրադաձավ նաև արցախահայության տառապանքներին։ «Այն շարունակական դժվարություններն ու տառապանքը, որի միջով անցել ու անցնում են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, այն խոշտանգումները, բռնի տեղահանումները, գերիների, պատանդների հանգամանքը, ֆիզիկական ու հոգեբանական վայրագությունները, որոնց մարդիկ առերեսվել են, անհանդուրժելի է: Այն փաստը, որ աշխարհը շարունակաբար մնում է լուռ, թույլ է տալիս, որ Ադրբեջանն իրականացնի այս հանցագործությունները՝ ևս անընդունելի է»,- ասաց նա:
Թունբերգը նշեց, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում վառելիքային հանածոների գործոնն է և աշխարհը, որ ուզում է ներկրել ու լուռ մնալ այս ամենի մասին։
«Մենք չենք կարող ընտրել, թե մարդու որ իրավունքներն ենք ուզում պաշտպանել, քանի որ, արդարություն պետք է լինի բոլորի համար»,- ասաց նա: