14/11/2024 13:47
Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ
Բաքվում պահվող գերիների ու պատանդների այս գործերը ոչ թե հայերի, այլ միջազգային հանրության ձեռքում են։ Միջազգային հանրությունը շատ հարմարվողականությունը մի կողմ պետք է դնի և իր ձայնը բարձրացնի, խոսի պատանդների ու գերիների մասին. այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» համաժողովի ժամանակ ասաց էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը:
Թունբերգը նշեց, որ իրազեկվածության մեծ պակաս կա, որի պատճառով շատ ակտիվիստներ և հայտնի մարդիկ լուռ են։
«Միևնույն ժամանակ, երբ մարդկանց ուղղակիորեն այդ խնդիրը չի առնչվում, մարդիկ միտված են ոչինչ չանելու»,-ասաց նա։
Անդրադառնալով COP29-ին, որտեղ որևէ մեկը չխոսեց գերիներից, քաղբանտարկյալներից ու մյուս խնդիրներից, էկո ակտիվիստը նկատեց՝ չի կարելի մոռանալ այն փաստը, որ Ադրբեջանում է անցկացվում։ «Ինչպես կարող է քաղհասարակությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, այն դեպքում, երբ աշխարհի առանջնորդներն են այնտեղ, որոնք վախենում են որևէ այլ բան ասել, քանի որ կարող է պատժվեն»,-ասաց նա։