14/11/2024 10:58
Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։
Մարդ, ով հանդիսացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հանցավոր հայտարարության կնքահայրերից մեկը, առնվազն կրում է պատասխանատվություն իր պրոպագանդած գործընթացի հետևանքների համար։ Իսկ այդ գործընթացի հետևանքն Արցախի ամբողջական հայաթափումը, այնտեղ իրականացրած էթնիկ զտումը և Բաքվի բանտերում ավելացող հայ ռազմագերիներն են։
Ուստի, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար:
Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ, որոնց ղեկավարները ներկա էին նախորդ համանման միջոցառումներին:
Գնահատանքի է արժանի և կարևոր ձեռքբերում է տարբեր երկների խորհրդարանների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի արդարացի հայտարարությունները, որոնք դատապարտել են ոչ միայն COP29-ի անցկացումը Բաքվում, այլև, ընդհանրապես, այդ երկրի քաղաքականությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներն Արցախում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ գերիների բանտարկությունն ու մարդու իրավունքների աղաղակող խախտումները։
Համաժողովին մասնակցող մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների հասցեական դատապարտում և բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»: