14/11/2024 21:20
Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել-չկանչելու նպատակահարմարության մասին հարցին հստակ պատասխան հնարավոր է տալ միայն դրան առնչվող բոլոր պրոցեսների մասին ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու պարագայում։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ են եղել այս հարցի շուրջ, բայց այս բոլորն իրական է դառնում միայն այն ժամանակ, երբ տիրապետում ես տեղի ունեցածին՝ խորքային իմաստով, երբ ամբողջական տեղեկատվություն ունես։ Մենք տեղյա՞կ ենք արդյոք, թե ի՞նչ ներքին, բանավոր և այլ համաձայնություններ են եղել կամ չեն եղել։ Տեղյակ չենք, ամենը ենթադրությունների ժանրից է։ Հետևաբար, կարևոր է, որ իրական բանակցություններ տեղի ունենան՝ հասկանալու համար՝ ի վերջո, այդ ստորագրությունը պետք է մնա՞, թե՞ պետք է դադարի։ Մինչև ամբողջական տեղեկատվությունը չլինի, չհասկանանք, թե՛ շահերի սպասարկումը, թե՛ վտանգները, թե՛ սպառնալիքները, թե՛ դրանից բխող մնացած հետագա քայլերը, պարզունակ կինի բարձրագոչ հայտարարություն անել այդ թեմայով»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց՝ օրվա իշխանություններն ունակ չեն իրական բանակցություններ վարել, իսկ դրանք չափազանց կարևոր են, եթե ուզում ենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն ունենալ։
«Մենք գիտենք, որ այս իշխանություններն ունակ չեն որևէ կետ կատարել այդ համապարփակ փաստաթղթից, այդուհանդերձ, մեզ համար մնում է շատ առանցքային՝ ստորագրությունը թողնելը կամ չթողնելը։
Դրա համար պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը՝ որպես առանցք ունենալով իրական բանակցությունները՝ դա կլինի Ռուսաստանի Դաշնության հետ կամ Ադրբեջանի հետ, կամ խառը»,- ասաց Բագրատ Սրբազանը։