14/11/2024 08:56
«Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում և խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։
Օրինակ` հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։ Դատելով վարկային մնացորդից` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաև հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը` Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երևանում և ձեռք բերել 2 ավտոմեքենա։ Հարցն այն է, որ ՀՀ ազգաբնակչության պատկառելի մասը օր-օրի ընկղմվում է վարկերի, պարտքերի մեջ, բռնում է արտագաղթի ճանապարհը, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամի (տվյալ դեպքում ամուսնու) համար գոյություն չունի ոչ մի նյութական անկում, ամենուր վերելք է` բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամ։
Փաստորեն, էվոլյուցիա ապահովող կախարդական փայտիկը Նիկոլ Փաշինյանը միայն իր թիմակիցների համար է օգտագործում»։