14/11/2024 08:47
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն և դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն և պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։
Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտևի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետև մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր»։