15/11/2024 12:23
Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, այսօր նա այս մասին խոստովանեց կառավարության նիստում։
Նա ասաց, որ իրավապահ համակարգին տվել է անհրաժեշտ ամեն բան՝ արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունք չի տեսնում։
«Մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, իմ ամենամեծ պրոբլեմն այդտեղ է։ Սա լրջագույն քաղաքական խնդիր է։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ մենք էլի գնանք ու շենքեր շրջափակենք, այս խնդիրը պետք է լուծվի»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ «ով ճռռիկ-վռռիկ է արել, շարունակում է նույնն անել»։
«Լավ, ես կարող եմ մեկ, երկու, երեք, չորս տարի համբերել, բայց, հարգելի՛ գործընկերներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջն եկել է, ուղիղ եմ ասում։ Ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ»,- զայրացավ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե որ գյուղ մտնում է, ասում են՝ ումից վախեցել են ժամանակին, հիմա էլ են շարունակում վախենալ։
«Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է։ Կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցներն են։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի»,- ասաց նա։
Վարչապետն ասաց, որ այլևս որոշումներ է կայացնելու։
«Ինձ այլևս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որևէ մեկը մտածի, որ վարչապետի ասածը «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։