15/11/2024 20:33
Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված
Հիստերոսկոպիան ախտորոշիչ միջամտություն է, որը թույլ է տալիս բժշկին զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում՝ կատարել բուժական միջամտություններ փոքր էնդոսկոպի՝ հիստերոսկոպի օգնությամբ:
Հիստերոսկոպիան օգտագործվում է արգանդի հետ կապված խնդիրներն ախտորոշելիս կամ բուժելիս:
Բժիշկը կարող է հիստերոսկոպիա նշանակել՝ ուսուսմնասիրելու արգանդի հետ կապված այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են առատ դաշտանը, ոչ նորմալ արյունահոսությունը, ֆիբրոիդները (արգանդի միոմա), պոլիպները կամ անպտղությունը: Ավելին, արգանդի հետ կապված որոշ վիճակներ կարող են բուժվել հիստերոսկոպիայի ընթացքում:
Նշանակած այցից առաջ, առնվազն, 6 ժամվա ընթացքում չպետք է որևէ սնունդ կամ հեղուկ ընդունել: Դեղեր ընդունելու պարագայում, այդ մասին պետք է տեղեկացնել բժշկին, որպեսզի վերջինս հաստատի՝ շարունակելու եք դրանք ստանալ, թե ոչ: Բժիշկը կարող է նաև առաջարկել, որ մինչև միջամտությունը սովորական ցավազրկողներ օգտագործեք:
Նման հետազոտությւոնից առաջ, կարևոր է ազատորեն տալ բոլոր հուզող հարցերը, որպեսզի առաջարկված հիստերոսկոպիայի զննումը լինի առավելապես հարմարավետ և ձեր համաձայնությամբ։
Մինչև միջամտությունը, հիվանդին կապահովեն տեղային, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանուր անզգայացմամբ (անեսթեզիա): Կխնդրեն պառկել «ներքին զննման» դիրքով (մեջքի վրա, ոտքերը բարձրացված և միմյանցից հեռացված):
Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է վերցնել և լաբորատոր հետազոտության ուղարկել արգանդի լորձաթաղանթի փոքր նմուշ (բիոպսիա): Նույն կերպ, բժիշկը կարող է հիստերոսկոպիայի ընթացքում կատարել որոշ պարզ բուժական միջամտություններ (օրինակ՝ փոքր պոլիպների հեռացում, տարբեր ներարգանդային միջոցների տեղադրում կամ հակաբեղմնավորիչ միջոցների իմպլանտացիա):
Հիստերոսկոպիայից հետո բուժանձնակազմը վերահսկում է հիվանդին այնքան ժամանակ, քանի դեռ անզգայացնող դեղերի ազդեցությունները չեն վերացել և ինքնազգացողությունը կայուն նորմալ է: Այս դեղերի ազդեցության թուլացման հետ բուժառուն կարող է զգալ որոշ ցավեր, որի դեպքում բժիշկը նշանակում է ցավազրկողներ:
Բժշկի կողմից տրվող ցուցումները առաջիկա 24 ժամվա ընթացքում՝
խուսափել ավտոմեքենա վարելուց,
որևէ ծանր գործ կատարելուց,
ծանր վարժանքներ կատարելուց,
սեռական հարաբերությունից (48 ժամվա ընթացքում):
Հիստերոսկոպիան սովորաբար անվտանգ միջամտություն է: Բազմաթիվ կանանց մոտ առաջիկա 2-7 օրվա ընթացքում կարող է ի հայտ գալ դաշտանին նմանվող արյունահոսություն: Կարող է նաև զգացվել որոշակի անհարմարավետություն կամ թույլ կծկանքանման ցավեր:
Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել բարդությունների առաջացման որոշ նշանների հանդեպ. եթե առկա են ջերմության բարձրացում, ուժեղ ցավեր, անսովոր հեշտոցային արտադրություն կամ առատ արյունահոսություն, պետք է անհապաղ տեղեկացնել այդ մասին բուժող բժշկին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն