15/11/2024 12:36
Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ)
Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ և արդյո՞ք Դուք հնարավոր եք համարում մոտ ապագայում Ադրբեջանից գազի ներկրումը, Աժ-ում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մեսրոպյանը նշեց, որ չի կարող պնդել, հաստատել կամ հերքել՝ մոտ ապագայում հնարավոր կլինի Ադրբեջանից գազ ներկրել, թե՝ ոչ. «Դա իմ որոշելիքը չէ այս պահին, հետագայում, եթե ընտրվեմ՝ ևս։ Ես կարող եմ ասել, որ մեր երկրում էլեկտրաէներգիայի 60-65 տոկոսն արտադրվում է ներկրվող միջուկային և գազային վառելիքով, և այդ երկու էներգակիրները հիմնականում ներկրում ենք ՌԴ-ից, սա փաստ է։ Եվ այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Ֆեյսբուքում ես ինչ-որ գրառում եմ կատարել, հիմա դրա հետ կապված ինձ անընդհատ հարցեր եք ուղղում։ Ես դրանք երբեք չեմ ջնջելու։ Հիմա պարզապես երկընտրանքի մեջ եմ՝ ինչպես պատասխանեմ, որ վաղը լրագրողները չշահարկեն դրանք»։
Ռուբեն Ռուբինյանն էլ Մեսրոպյանին հորդորեց չպատասխանել հարցին.«Պարզապես Ձեզ սադրում են, որպեսզի վաղը, մյուս օրը ուղարկեն համապատասխան տեղ։ Ինչի մասին է խոսքը»։
Ի պատասխան ընդդիմադիրների՝ Մեսրոպյանի եվրոպամետ լինելուն՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուն ասաց.«Այո՛, ես սովորել եմ Ֆրանսիայում, հնարավորություններ եմ ունեցել, բայց մինչև Ֆրանսիա գնալը ես 27 տարեկան էի և մեծանում էի ռուսական արժեքների մեջ։ Իմ վերջին արձակուրդը մեծ սիրով անցկացրել եմ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Այսօր շատ մարդիկ էլ կարող են ռուսամետության շրջանակներից հանդես գալ, բայց բովանդակության մեջ բացարձակապես ռուսամետ չլինեն»։