15/11/2024 13:05
ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ)
Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մեր հանրապետությունում մարդիկ չպետք է լինեն, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, կապ չունի, նրանք նախկին թե ներկա իշխանության ներկայացուցիչներ են։ Նաև չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք իրենց արժանապատվությունը և իրավունքները հարգված չեն զգում»,-ասաց Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր համբերության բաժակը լցվել է։ Նա ասել է, որ իրավապահ համակարգին տվել է անհրաժեշտ ամեն բան՝ արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունք չի տեսնում։
ՄԻՊ-ը լրագրողներին ասաց, թե տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր։
«Դրա առնչությամբ ես անընդհատ խոսել եմ, հիմա էլ եմ խոսում, արձանագրում։ Խնդիրների մի մասը բխում է նրանից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ՝ տարատեսակ ոլորտներում։ Պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց պաշտպանը։