15/11/2024 20:00
«Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով
Ռուս-մոլդովական «Մոլդովգազ» գազաբաշխիչ ընկերության խորհրդի նախագահ Վադիմ Չեբանը հայտարարել է, որ «Գազպրոմն» ունի բոլոր հիմքերը՝ դադարեցնելու գազի մատակարարումը Մոլդովա, քանի որ երկրի կառավարությունը չի կատարել պարտքի մարման շուրջ պայմանավորվածությունները։
«Ռուսական կողմը, ելնելով կոմերցիոն նկատառումներից, ցանկացած պահի կարող է խզել պայմանագիրը՝ առաջին հերթին պարտքերի պատճառով, ինչը պայմանագրի անբաժանելի մաս է, ինչպես նաև ֆորսմաժորային հանգամանքների պատճառով՝ կապված Ուկրաինայի տարածքով տարանցման նոր պայմանագրի կնքման հետ»,- ասել է Չեբանը՝ մոլդովական «Լոգոս պրեսս»-ին տված հարցազրույցում։
Մոլդովայի կառավարությունը չի ընդունում «Մոլդովգազ»-ի պարտքը «Գազպրոմին», որը 709 միլիոն դոլար է կազմում։ Ռուսական կոնցեռնի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ Մոլդովայի կառավարության դիրքորոշման հետ և մտադիր է պաշտպանել իր իրավունքները։