15/11/2024 08:58
«Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի և մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, և ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։ Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։
Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որևէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։ Հիշեցրել է, որ նախարարը, այսինքն ինքն է որոշում կադրային հարցերը, երբ լինեն նշանակումներ, կիմանանք այդ մասին։ Մեր լրագրողն այլ հարցեր էլ է ցանկացել տալ նորանշանակ նախարարին, սակայն ՊՊԾ աշխատակիցը ճանկռելով ու քաշքշելով լրագրողին՝ խանգարել է, ասելով` չի ուզում քո հարցերին պատասխանել»։