15/11/2024 16:39
Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան
Բաքվում պահվող հայ գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ ամփոփելով Ադրբեջանում անցկացվող COP29-ն ու դրան նախորդող՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով իրենց ակցիաները։
«Իհարկե, մենք առայժմ չհասանք գերիների ազատ արձակմանը, և Ադրբեջանը չգնաց այդ քայլին, թեև որոշակի ճնշում, իսկապես, ապահովվել է։ Թե ինչու չհասանք Արցախի քաղաքական ղեկավարության կամ գոնե տարեց և առողջական խնդիրներ ունեցող գերիների ազատ արձակմանը՝ որոշակի մեղավորություն ունի նաև ՀՀ իշխանությունը, որովհետև մենք արմատական դիրքորոշում չորդեգրեցինք»,-ասաց նա։
Դիլբարյանի խոսքով՝ հայաստանյան պաշտոնական կողմից անընդմեջ հայտարարում են, որ հենց այս պահին, այս վայրկյանին պատրաստ են կնքել խաղաղության պայմանագիր։
«Իսկ երբ դու խաղաղություն մուրացողի կարգավիճում ես, քեզ որևէ զիջում չեն ուզում անել։ Գերիների ազատ արձակումը զիջում չէր, բայց Ադրբեջանի պես ֆաշիստական, ցեղասպան վարչակազմի համար պետք էր գոնե ինչ-որ դիմադրություն»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ՀՀ-ի չմասնակցությունը Բաքվի համաժողովին արդյո՞ք չի խոսում նրա մասին, որ, այդուհանդերձ, գերիների ազատ արձակման պահանջ եղել է՝ Դիլբարյանը պատասխանեց. «Այո՛, պայմանն այն էր, որ գոնե 3 մարդու ազատ արձակեն, թերևս նկատի ունենալով տարեց և հիվանդ հանիրավի դատապարտված անձանց։ Հայկական կողմից հնչել է, բայց եթե ամեն ինչի պատրաստ ես ու ընդամենը ասում ես՝ չեմ գա COP29-ին, կներեք, իսկ ինչի էր պետք նրանց ներկայությունը COP29-ին, երբ միշտ էլ պատրաստ են ամեն ինչի, միայն ստորագրվի այդ փաստաթուղթը»։
Համաձա՞յն է այն գնահատականներին, որ COP29-ը ձախողված կարելի է համարել՝ շարժման մասնակից Դիլբարյանը պատասխանեց. «Այո՛, թեև չհասանք գերիների ազատ արձակմանը, բայց պետք էլ չի լինել անիմաստ առավելապաշտներ, որոնք ասում են՝ «գնացիք-եկաք, ոչ մի արդյունք չեղավ»։
Իրականում մենք կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը։ Երբեք COP-երին այդքան քիչ ազդեցիկ պետությունների ղեկավարներ չեն մասնակցել, ինչպես այս տարի՝ Բաքվում։ Առաջատար լրատվամիջոցները, նաև առաջատար տնտեսական, հասարակական, հանրային, մշակութային ներկայացուցիչներ, բնապահպաններ չմեկնեցին Ադրբեջան։ Մենք, փաստորեն, կարողացանք հայաստանյան կառույցների ջանքերով աշխարհի առաջ բացել Ադրբեջանի ցեղասպան դեմքը, և այն ծաղրը, որն իրենք խաղաղություն էին կոչում, մեծ խաբեություն է։ Աշխարհում պատռվեց Ալիևի դիմակը։ Դա մեր լրջագույն հաջողություններից մեկն է»,-ասաց նա։
Իսկ թե ի՞նչ ասել է «պայքարի նոր փուլ»՝ մեր զրուցակիցը նշեց, որ պետք է հենվեն այն հաջողությունների վրա, որոնք ունեցել են։
«Հենվենք այն բարեկամների վրա, որ ունեցանք՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը՝ իր շրջապատով, և շատ այլ մարդիկ, որոնք ձայն են բարձրացրել։
Ադրբեջանի նկատմամբ առայժմ խոսքային պատժամիջոցներ են, բայց դա պետք է հնչի, որ վերածվի իրական պատժամիջոցի։ ԵԽ-ում գիտենք՝ ինչ տրամադրություններ կան, նաև ԱՄՆ սենատում, և պետք է սկսել համաժողովների անցկացման գործընթացը, որից հետո ԵՄ, ԱՄՆ օրենսդիր մարմինների բանաձևերին հասնել և գործադիր իշխանության վրա ճնշում բանեցնել»,-ասաց նա։