15/11/2024 13:19
Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան
Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, ըստ էության, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը, ուստի կիսում եմ վարչապետի մոտեցումը, ըստ որի, Անկախության հռչակագիրը Հայաստանի չգոյության մասին է, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նաև ավելացրեց, որ այս կոնտեքստում իրավական գնահատականի մասով, շատ կարևոր էր սեպտեմբերի 26-ի ՍԴ-ի որոշումը.«Իհարկե, ես չեմ ցանկանա բարձր դատարանի որոշմանը մեկնաբանություններ տալ, բայց այդ որոշումը որոշակիորեն ամրապնդում է Փաշինյանի տեսակետը։ Այս խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, այն եղել է իրական Հայաստանի գաղափարի շուրջ։ Ու ես չեմ հասկանում այն ենթադրությունը, թե որևէ ներհայաստանյան խոսույթ ՀՀ հանրության և կառավարության հետ կարող է ինչ-որ տեղից պարտադրված լինել»։
Հարցին, թե նմանատիպ հայտարարությունները հող չեն նախապատրաստո՞ւմ Բաքվի համար, որ հիմա էլ կառչի Անկախության հռչակագրից՝ Խանդանյանը պատասխանեց.«Գիտեք, թեմաներ կան, որ մենք չենք կարող ՀՀ հանրության հետ մտնենք սենյակ և ոչ հրապարակային խոսակցություն ունենանք։ Դա չպիտի պատճառ լինի, որ մենք դադարեցնենք հանրության հետ խոսակցությունը, քանի որ դա կնշանակի, որ մենք հեռանում ենք ժողովրդից և չենք խոսում այն իրական խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։ Այն հռետորաբանությանը, պահանջներին, որոնք գալիս են Ադրբեջանից, արձագանք է հնչում։ Վարչապետն էլ հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց Սահմանադրության փոփոխության մասին խոսակցություններին»։
Լրագրողները Խանդանյանից փորձեցին ճշտել՝ ընդունո՞ւմ է, որ 1915 թվականին Թուրքիան հայերին ցեղասպանել է, թե՞ նա էլ է արդեն դա սպառնալիք համարում ՀՀ-ի համար։
«Կարծում եմ, որ ձեր հարցը էթիկապես ոչ կոռեկտ է, ի՞նչ է նշանակում՝ «Դուք գոնե ընդունում եք»։ Այդ հարցը ինչպե՞ս է ձեր մտքով անցնում։ Դուք պատկերացնո՞ւմ եք մի հայ մարդու, որ ասի՝ ոչ, չեմ ընդունում։ Անհնար է այդպիսի բան»։