15/11/2024 12:56
Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին
Ճիշտն ասած՝ վստահ չեմ, որ հանդիպմանը միայն ՀԱԿՊ անդամ երկրների դեսպաներն են եղել, բայց դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանները նաև այդպիսի գործառույթներ են իրականացնում և հանդիպում են հյուրընկալող երկրների պաշտոնյաների, այդ թվում ԱԳ նախարարների հետ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցությանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ քայլ է արվում հայ-ռուսական հարաբերությունները լավացնելու ուղղությամբ՝ պատգամավորն արձագանքեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միշտ էլ սերտ են եղել՝ տարբեր հանգամանքներում և տարբեր ոլորտներում.«Ու դրանք շարունակում են լինել այդպիսին, բայց կան խնդիրներ, հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ, որոնց մասին բարձրաձայնվում են։ Չեմ կարծում, որ հարաբերություններում դինամիկ փոփոխություններ կան»։
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էր եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։