Այսօր, 11:32
Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ Միջազգային հանրապետական ինստիուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը։
«Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռսիկերը, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը։
ՆԳ նախարարը հայտնեց, որ հանրության ահազանգերի օպերատիվ ու արդյունավետ սպասարկման համար նախատեսվել է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 1-02, 1-03 զանգերի սպասարկումը կդադարեցվի ու քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով՝ մեկ կետից ու արագ սպասարկմամբ։
Սա, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։
«Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերի՝ նախատեսվելու է վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների, ՁՊՎ-ների տեսահսկման միասնական համակարգի ներդրում»,- ասաց նա։
Վահե Ղազարյանն ավելացրեց, թե բոլոր գործողություններն ապահովելու են արդեն իսկ արձանագրված հաջողությունները, ինչպես նաև՝ նոր արդյունքների գրանցումը։
«Բոլոր միջոցառումները միտված են Հայաստանում առավել անվտանգ միջավայր երաշխավորելուն, հանրության վստահության մակարդակի ամրապնդմանն ու դրանց շարունակական աճին»,- հավելեց ՆԳ նախարարը։