15/11/2024 09:00
«Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձևն ու որակը չի փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ և 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի դրանից, քաղաքապետարանը «Տարոն Մաթևոսյան» ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, և ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։ Նվեր-փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։
Նվեր-փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետևյալն է. «2 ուղղանկյունաձև շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» և նմանատիպ այլ քաղցրավենիքներ։
Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաև այս տարի»։