15/11/2024 12:53
Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ քանի դեռ ուժ չունեն քաղաքացուն ասելու, որ պետք է կրի իր արարքի հետևանքի պատասխանատվությունը՝ պետություն չենք դառնա։
«Կներեք, մարդը գնում, տունը գրավ է դնում, բանկից վարկ է վերցնում, տանում ու բիզնես է դնում, բիզնեսը չի հաջողվում, հետո գնում եմ մարզ, ինձ տալիս է նամակ, ասում է՝ «տունս կորցնում եմ, խնդրում եմ՝ տունս պահեք»»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ երեկ, որ Ազգային ժողովում ասում էր ապապետական, նաև սա նկատի ուներ։
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը»,- հավելեց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ մարդկանց հետ պետք է խոսել ուղիղ՝ ճշմարտության լեզվով, հակառակ դեպքում՝ «տեղ չենք հասնի»։