16/11/2024 11:35
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ. հայտնում են նախագահի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։
Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ ռազմագերի է պահվում, այդ թվում՝ Արցախի 8 պաշտոնյանները։
Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։