16/11/2024 15:42
Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ)
«Իմ գիտակցական կյանքի, զինվորական կյանքի ամբողջ էներգիան նվիրել եմ Պաշտպանության բանակին։ Երբ ասվել է, որ ՊԲ-ն տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է, չափազանցված գնահատական չի եղել»,-«Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նա ընդգծել է նաև՝ ՊԲ-ն միայնակ ավելի հզոր էր, քան տարածաշրջանի երեք բանակները միասին։ «Այդպիսի բանակ ենք ունեցել և այդպիսի զավակի կորուստը, իհարկե, ցավ է։ Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր։
Ինձ նման հազարավոր մարդիկ իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրել են Պաշտպանության բանակին։ Այսօր չկա ՊԲ-ն, բայց կան թոռները, պիտի նորից ստեղծենք այն, ինչը մեզ անհրաժեշտ է՝ առանց էմոցիաներին տրվելու, առանց սխալ գնահատականների, առանց անցյալով ապրելու։ Անցյալը հետևություն անելու համար անհրաժեշտ է, բայց անցյալով ապրելը պարտություն է։
Երբ ինձ հարցնում էին՝ Աղդամը՝ Ակնան, քո հայրենի՞քն էր, Արցա՞խ էր, ասում էի՝ այո՛, եթե հիմա հարցնեք՝ Ստեփանակերտը հայկակա՞ն է, ասելու եմ՝ ո՛չ, որովհետև հայ չկա ապրող։ Պետք է իմանանք, որ մերն է եղել Արցախը, ցանկացած պարտություն նոր հնարավորության սկիզբ է։ Այդպես պետք է առաջնորդվել։ Այսօր անելիք ունենք՝ մի փամփուշտ՝ ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ, որ կարող է մի օր պայթել, հասնել Ստեփանակերտ»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում