16/11/2024 20:54
«Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը TVN24-ի եթերում կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին՝ «կարճ հիշողության» համար։
«Նրանք կարճ հիշողություն ունեն. պատերազմի առաջին ամիսներին Լեհաստանը Ուկրաինային նվիրաբերել է ռազմական տեխնիկա և կազմակերպել մարդասիրական օգնություն»,- ասել է նա։
Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ սա կարևոր է Վլադիմիր Զելենսկու հայտարարության համատեքստում․ Զելենսկին ակնարկել էր, որ Լեհաստանն իր հնարավորությունների սահմաններում չի աջակցում Ուկրաինային և չի անում այն, ինչ իրականում կարող է։
«Չի կարելի ասել, որ Լեհաստանը չի անում հնարավորը: Լեհաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, բայց կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի ։ Ուկրաինային այս կամ այն չափով օգնության տրամադրումը, դրա սահմանաչափը Լեհաստանի անվտանգության հարցն է․ եթե որևէ սպառազինության, տեխնիկայի փոխանցում սպառնա լեհական պետության անվտանգությանը, ես ուղղակի չեմ փոխանցի այն»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։