16/11/2024 09:14
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի արձանագրումը:
Հիշենք, թե որ դեպքի մասին է խոսքը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել։ Նա հայհոյանքներ էր հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի էր եղել միջանցքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել էին ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա:
Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չէր թքել, և նույնիսկ չէր հարվածել, այլ միայն բղավել էր, հայհոյել և փողոցային վարքագիծ դրսևորել:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր պետական պահպանության ծառայություն և խնդրել տրամադրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունն ու ձայնագրությունը։ Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ-ից հայտնեցին, որ տեսախցիկների պատասխանատուն Ազգային ժողովի աշխատակազմն է։
Դիմեցինք ԱԺ աշխատակազմ։ Ինչպես և սպասվում էր՝ աշխղեկ Դավիթ Առաքելյանը չտրամադրեց իր ղեկավարի խուլիգանական վարքը արձանագրած տեսախցիկների ո՛չ կադրերը, ո՛չ ձայնագրությունը: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարակից հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքի մոտ, տեսախցիկներ առկա չեն»,- ասված է պատասխանում։ Կարճ և կոնկրետ:
Հիշեցնենք՝ երբ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին (որը պարծեցել էր թե՝ ոնց ուզեմ՝ կխոսեմ), ապա բռունցքով հարվածել էր Վարդանյանի ձախ հոնքին ու դուրս եկել դահլիճից, այդ դեպքից կարճ ժամանակ անց ԱԺ աշխատակազմը շենքի անվտանգության տեսախցիկների կողմից ֆիքսված՝ պատգամավորի մուտք ու ելքի կադրերի արտահոսք կազմակերպեց իշխանական մեդիաներում, թե Մհեր Սահակյանը փախչում է հարվածելուց հետո: Այսինքն՝ խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր»։