16/11/2024 21:20
ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին
Անցյալ տարի աշխարհում գրանցվել է կարմրուկի ավելի քան 10,3 միլիոն դեպք, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հիվանդացության աճի պատճառը իմունականխարգելման ոչ բավարար միջոցառումներն են եղել, նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցում։
Ըստ զեկույցի՝ կարմրուկը հնարավոր է կանխել պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալով, սակայն 2023 թվականին ավելի քան 22 միլիոն երեխա չի ստացել առաջին դեղաչափը։ Նշվում է, որ երեխաների 83%-ն է անցյալ տարի ստացել պատվաստանյութի առաջին չափաբաժինը, և նրանցից միայն 74%-ն է երկրորդ անգամ պատվաստվել, այնինչ կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է, որ երկու դեղաչափով պատվաստանյութ ստացողները 95% լինեն։
Զեկույցում նշվում է, որ կարմրուկի բռնկումները 57 երկրներում են եղել։ Հիվանդացության զգալի աճ է գրանցվել Աֆրիկայում և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում, Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում։ Զեկույցում նշված տվյալների համաձայն՝ 2023 թվականին կարմրուկից մահացել է մոտ 107,5 հազար մարդ, որոնց մեծ մասը մինչև 5 տարեկան երեխաներ են։