16/11/2024 09:16
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և կալանավորումներ, որոնց հիմքում, ըստ տարբեր փորձագետների կարծիքների, տարակարծությունն ու քննադատությունն է՝ ուղղված գործող իշխանություններին: Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում այս ամենին և արդյո՞ք տեղի ունեցողը բռնապետության նախանշաններ են: «Փաստն» այս թեմաների մասին զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
-Ներկայիս քաղաքական համակարգը շատերը բռնապետություն են կոչում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, տեղավորվո՞ւմ է բռնապետության ձևակերպման մեջ:
-Հայաստանը երբեք չի եղել ժողովրդավարական երկիր։ Քաղաքական եզրույթով, Հայաստանը եղել է թույլ ավտորիտար պետություն։ 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո Հայաստանը անցում կատարեց ավտորիտարիզմից դեպի հեղափոխաբռնապետական համակարգի։ Ինչպես ժողովրդավարությունը, ավտորիտարիզմը, այնպես էլ բռնապետությունն ունեն իրենց յուրահատկությունները։ Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության (ձախակողմյան, ազգայնական, կրոնական) մեկ ընտանիքի բռնապետություն։ Հայաստանը, պետական բյուջեն այդ ընտանիքը համարում է իր սեփականությունը։ Նա կարող է Հայաստանի տարածքից հողեր վաճառել, պետական բյուջեն ծախսել ընտանիքի կարիքների և վայելքների համար՝ կառավարական առանձնատների շքեղ նորոգումներ, սպասարկող շքեղ ավտոմեքենաներ, ընտանյոք ճանապարհորդություններ, ընտանիքի անվտանգության ապահովում՝ հազարավոր ոստիկաններով և դիպուկահարներով»։