18/11/2024 11:29
«Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարությունում աղմկահարույց պաշտոնանկությունների «շքերթին» և նկատեց, որ այս քայլը դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։
«Խոսքս ուղիղ առումով չէ, որ հնարավոր է 4-5 ամիս հետո ընտորություններ լինեն։ Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն։ Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, փորձում է որոշակիորեն փաթեթավորել այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են և հանդես գալ նոր դեմքով»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նոր դեմքը սափրված Փաշինյա՞նն է՝ Աբրահամայանն արձագանքեց, որ դա պատահական համընկնում չէ և այս արարի մի մասն է կազմում։
«Ինչ վերաբերում է ուժային բլոկին և արդարադատության համակարգին, ապա այս իշխանությունը 2018-ից ի վեր բազամթիվ խոստումներ է տվել՝ ասֆալտին տապալելուց սկսած, տարբեր մարդկանց անազատության ուղարկելու և, բնականաբար, այս համատեքստում հանրությունն այլ բանի է ականատես եղել, և մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»,-ասաց նա։
Աբրահամյանը նաև նշեց, որ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն. «Անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներն ինչքան են իրեն ծառայել ու որքանով են հանցակից եղել՝ նրա տարբեր գործողություններում, այսօր իրենք պետք չեն, և վաղը նրանց փոխարեն կգան այլ դեմքեր։ Կանցնի այլ ժամանակ, նրանք ևս պետք չեն լինի և կփոխարինվեն նոր դեմքերով»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց՝ թեև պաշտոնազրկվել են, բայց պատասխանատվությունից չեն խուսափի։