18/11/2024 10:43
ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ԲԴԽ նախագահը հայտարարում է հեռանալու մասին, ընդ որում, շեշտում, որ հեռանում է առանց սկանդալի:
Մինչդեռ, հեռանալու մասին նրա հայտարարության տեքստն ինքնին, ըստ էության, ամբողջությամբ սկանդալ է: Օրինակ, նա հայտարարում է՝ «իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` վարչապետի գլխավորությամբ»:
Բացում ենք Սահմանադրությունը, որտեղ ԲԴԽ կազմավորման եւ առավել եւս ԲԴԽ նախագահի նշանակման գործում գործադիր իշխանությունն ու վարչապետը չունեն ոչ մի դեր եւ իրավասություն: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները: Խորհուրդը ձեւավորվում է դատարանների ընդհանուր ժողովի եւ ԱԺ ընտրած հինգական թեկնածուներից:
Մինչդեռ, ԲԴԽ նախագահը, որին իրենց կազմից ընտրում են ԲԴԽ անկախ անդամները, համենայն դեպս, ըստ Սահմանադրության, «շատ ծանր, բայց կարեւոր պաշտոնն» իրեն վստահելու համար շնորհակալություն է հայտնում գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Դրանով իսկ նա փաստացի հաստատում է, որ թեեւ Սահմանադրությամբ ԲԴԽ անկախ պետական մարմին է, բայց այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ նշանակովի գործադիր իշխանության հավանությունը:
Այդ անուղղակի խոստովանությունը սկանդալ չէ, բա ի՞նչ է: Թեեւ, Հայաստանում, իհարկե, դա շատ վաղուց սկանդալ չէ, այլ օրինաչափություն»: