18/11/2024 17:38
«Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար
«Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար, իրավիճակն արագ չի փոխվում և ուրիշ իրականություն չկա»,- «Փաստինֆո»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ պնդելով, որ վրացական կողմը տեղեկությունը, թե ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 բեռնատար տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, որից 666-ը՝ հայկական, ճիշտ չէ։
Հակոբյանի պնդմամբ՝ իրավիճակն ավելի բարվոք է, Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի թվերը երկար ժամանակ չեն թարմացնում։
«Վրացական կողմի ներկայացրած թիվն ինչ-որ պահի ֆիքսված և չթարմացված տվյալների հիման վրա է տարածվել»,- վստահեցրել է կցորդը՝ ավելացնելով, որ ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարները մի մասն արդեն հասել է, մյուսներն էլ սպասում են իրենց հեթին։