18/11/2024 18:24
Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը
ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել․
«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսի ներքո այսօր մեկնարկում է հակամանրէային դիմադրողականության (ռեզիստենտականության) դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը:
Հակամանրէային դիմադրողականությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության համար: Այս երևույթը խոչընդոտում է հիվանդությունների արդյունավետ բուժմանը, վտանգում սննդամթերքի արտադրության անվտանգությունն ու գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացումը:
Կենդանիների բուժման մեջ հակաբիոտիկների չարաշահումը՝ դեղամիջոցների կանխարգելիչ կամ աճի խթանման նպատակով ավելորդ և չհիմնավորված օգտագործումը, հիվանդությունների վերահսկման ոչ արդյունավետ մեթոդները, հիգիենայի ցածր մակարդակը ֆերմաներում ու տնտեսություններում սահմանափակում են կենդանիների համար արդյունավետ բուժման հնարավորությունները, ինչպես նաև ավելացնում ինֆեկցիաների՝ կենդանիներից մարդկանց փոխանցվելու վտանգը: Հակամանրէային կայունությունը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության նվազմանը, ավելացնում կենդանու բուժման ծախսերը:
Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը հակաբիոտիկների օգտագործման խստացված հսկողությունն է (oգտագործել միայն անասնաբույժի ցուցումով), անասնաբուժական հիգիենայի բարելավումը և, իհարկե, կրթությունն ու իրազեկումը՝ ֆերմերների ու անասնաբույժների շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացումը։
Հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր: Առողջապահություն, անասնաբուժություն, շրջակա միջավայր. այս երեք ոլորտները համակարգող գերատեսչությունների համատեղ-համագործակցված աշխատանքով ու պատասխանատու վարքագծով՝ «Մեկ առողջություն» սկզբունքի ներքո, հնարավոր է ապահովել կենդանիների ու մարդկանց առողջությունը՝ նպաստելով մեր քաղաքացիների ընդհանուր բարօրությանը։
Հիշեցնենք. Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2015 թվականից ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարի միջոցառումների շաբաթը»: