18/11/2024 22:59
Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի վեց համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի հայտնի ստեղծագործությունները:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Սոֆի Քաուերը (թավջութակ)։ Մենահամերգով հանդես կգա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։
Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։
Փառատոնի բացման համերգը նվիրված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին՝ «Յուրաքանչյուր երեխայի համար․ իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագրով։