19/11/2024 18:52
Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը
Դիաբետիկ նեֆրոպաթիան 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետի լուրջ բարդություն է: Դիաբետիկ նեֆրոպաթիան ազդում է օրգանիզմից թափոնային նյութերը և ավելորդ հեղուկը հեռացնելու՝ երիկամների գործառույթի ունակության վրա: Դիաբետիկ նեֆրոպաթիան կանխելու կամ հետաձգելու լավագույն միջոցը առողջ ապրելակերպի պահպանումն է և դիաբետն ու բարձր արյան ճնշումը պատշաճ կերպով կառավարելը:
Տարիների ընթացքում այս վիճակը դանդաղ վնասում է երիկամների մանրագույն կծիկային զտիչ համակարգը: Վաղ բուժումը կարող է կանխել կամ դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և նվազեցնել բարդությունների հավանականությունը:
Երիկամների հիվանդությունը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության, որը կոչվում է նաև երիկամային հիվանդության վերջնական փուլ: Երիկամային անբավարարությունը կյանքին սպառնացող վիճակ է: Այս փուլում բուժման տարբերակներն են դիալիզը կամ երիկամի փոխպատվաստումը:
Դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ փուլերում դիաբետից բացի, կարող է որևէ լրացուցիչ գանգատ կամ ախտանիշ չլինել:
Դիաբետիկ նեֆրոպաթիայի ավելի ուշ փուլերում աստիճանաբար զարգանում են հետևյալ ախտանիշները՝
արյան ճնշման վերահսկման վատթարացում,
մեզում սպիտակուց (պրոտեինուրիա),
ոտնաթաթերի, կոճերի, դաստակների կամ աչքերի այտուցվածություն,
միզելու պահանջի հաճախացում,
ինսուլինի կամ դիաբետի այլ դեղամիջոցների կարիքի կրճատում,
շփոթվածություն կամ կենտրոնանալու դժվարություն,
օդի պակասի զգացում,
ախորժակի կորուստ,
սրտխառնոց և փսխում,
քոր,
հոգնածություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն