Այսօր, 16:50
Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության
Դատախազության ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։
Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը, առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից՝ գործընթաց կազմակերպելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում տրված ցուցմունքի համաձայն՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»։