19/11/2024 13:34
Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան
Վրաստան կժամանի Եվրամիության հանձնաժողովի «տեխնիկական առաքելությունը»: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է՝ Վրաստան կուղարկվի տեխնիկական առաքելություն, որը կվերլուծի, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ։
Նրա խոսքով՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։
«Սա կլինի տեխնիկական առաքելություն։ Տեխնիկական առաքելության նպատակը տեղում վերլուծելն է, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, և այդ տեղեկատվությունը պետք է լինի հետևողական. ընտրությունները կասկածահարույց են, և դրա դեմ բողոքում է հենց նախագահը։ Իրավիճակը պետք է ստուգվի, վերլուծվի»,- ասել է Բորելը։
Մինչ Բորելի հայտարարությունը, վերոնշյալի մասին տեղեկացրել էր «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին գործերի նախարարների որոշումը:
Դրանից առաջ Եվրախորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի, ԵՄ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին, սակայն մտահոգված է Վրաստանի կառավարության գործողություններով։