Այսօր, 19:27
Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը
Իսպանիայի ազգային ոստիկանության և Պորտուգալիայի իշխանությունների համատեղ գործողության շնորհիվ կանխվել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայի ոստիկանությունը։
Նշվում է, որ հետաքննությանը մասնակցել է նաև Եվրոպական ոստիկանական գործակալությունը, իրավապահները 25 հոգու են ձերբակալել՝ 19-ին՝ Իսպանիայում, 6-ին՝ Պորտուգալիայում։
Հանցավոր խմբավորումը մասնավոր ինքնաթիռներ է վարձակալել՝ Հարավային Ամերիկայից Եվրոպա մոտ 5 տոննա թմրանյութ տեղափոխելու համար։
Գործողության արդյունքում իրավապահները առգրավել են 4600 կգ կոկաին և 500 հազար եվրոյից ավելի կանխիկ գումար, բացի այդ, կալանք է դրվել 1,6 միլիոն եվրո արժողությամբ 8 անշարժ գույքի վրա։