19/11/2024 13:06
Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակներում ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։
«ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանցքային են` կանխորոշելու այն ուղղությունները, որոնք պետք են մարդու իրավունքների պաշտպանության համակարգը զարգացնելու համար, քանի որ դրանք հիմնված են կոնկրետ միջազգային չափանիշների վրա»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ ՄԱԿ-ի գործընկերների և Պաշտպանի հաստատության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում բազմաթիվ խնդիրների համար մշակվում են լուծումներ։
«Հատկապես կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Այս տարի մեր հատուկ ուշադրությանն է արժանացել խոշտանգումների կանխարգելման ոլորտը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրները բազմաթիվ են, հատկապես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերին առչվող գործերի քննության համատեքստում, որոնց անընդհատ անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության և իրավասու պետական մարմինների գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար` կարևորելով պետության կողմից իրավունքներին առնչվող հարցերով ներկայացվող խնդիրների պատշաճ հասցեավորումն ու շուտափույթ լուծումների կանխորոշումը։