20/11/2024 13:55
Շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գինն ում համար ինչքան է թանկանալու, բայց, միևնույն է, մի օր սոցիալական բունտ պայթելու է. Իզաբելլա Աբգարյան
Իշխանություններին հաշվիչ փայտիկներ եմ նվիրելու, որովհետև, ինչպես երևում է, նրանք դպրոցում մաթեմատիկա չեն անցել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը զուգահեռ 600 մլն դրամի ամանորյա գնումների և քաղաքապետարանի մյուս ճոխ ծախսերի նախաձեռնություններին։
«Ամեն անգամ, երբ բարձրաձայնում ենք իրենց ճոխ ծասերը, ասում են՝ դե, այստեղ միլիոն է, իսկ այնտեղ միլիարդ է պետք։ Իրենք չեն հասկանում, որ միլիարդը բաղկացած է բազմաթիվ միլիոններից, որոնք կարելի է տնտեսել և կդառնա այդ միլիարդը»,-ասաց նա։
Աբգարյանը նշեց, որ այս իշխանությունների համար միշտ էլ առաջնահերթություն է եղել շոուներ ցույց տալը, մարդիկ ուրախանան, սելֆիներ անեն. «Իսկ որ մարդիկ հունվարից տրանսպորտով չեն կարողանալու երթևեկել, իրենց շատ քիչ է հետաքրքրում, որովհետև գիտեն՝ մեր ժողովուրդը հարմարվող է․ մի ճար կանեն, մեկից փող կվերցնեն, երեխային ավելի քիչ սնունդ կառնեն, բայց բնական է՝ ստիպված այդ փողը կտան, որ հասնեն աշխատանքի կամ ուսման»։
Ընդդիմադիր ավագանու անդամը համաձայնում է՝ շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գնի թանկացումն ում համար ինչքան է լինելու և շատերն անակնկալի են գալու. «Իշխանությանը հաջողվել է խճճելով փաթեթները, բարդացնելով սխեման, հետո զեղչերը նույն ձևով խճճելով՝ ցույց տալ, թե իրենք մտածում են հասարակության մասին, նույնիսկ հայտարարեցին, թե ավելի էժան է լինելու ոմանց համար, իսկ այդ «ոմանքը» շատ-շատ փոքր մաս է կազմում»։
Դիտարկմանը, գուցե, անակնկալի գան, որից հետո բողոքի ալիք բարձրանա՝ Աբգարյանը նշեց, որ դրա մասին էլ են մտածել. «Նախ հայտարարեցին, որ կթանկանա սեպտեմբերից, բայց գիտենք, թե սեպտեմբերին ինչ ծանրաբեռնված երթևեկություն է լինում, և այդ ժամանակ կարող է բոլորը հայտնվեն փողոցում, տեղափոխեցին հունվարի 1, երբ Նոր տարի է, մարդիկ տանն են, ընտանիքի հետ են, երթևեկող քիչ մարդ կլինի։ Բայց, միևնույնն է, ցանկացած սոցիալական թանկացում կուտակվում, կուտակվում է և մի օր պայթում է սոցիալական բունտի տեսքով»,-ասաց նա։
Տրանսպորտից օգտվող ընտանիքի համար, ըստ Աբգարյանի, թանկացումները բավական շոշափելի կլինեն, քանի որ դպրոցականներին, ուսանողներին տրված զեղչային փաթեթը շատ քիչ է։ «Էլ ավելի շատ է թանկանում տրոլեյբուսի ուղևորների համար, որոնք հենց թոշակառուներն ու աշակերտներն են։ Տրոլեյբուսը Երևանում միշտ եղել է սոցիալական տրանսպորտ։ Եթե սովորական մարդու համար թանկացումը 70 տոկոս է լինում, նրանց համար 140 է դառնում»,-ասաց նա։
Խոսելով իրենց խմբակցության անելիքներից՝ ասաց, որ, բացի ստորագրությունները, իրենք մուտքագրել են ավագանու որոշման նախագիծ, ըստ որի, եղած փաթեթներին ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորության համար վճարելու հնարավորություն, ինչը այսօր չկա, որը կարժենա 100 դրամ։
«Եթե դուք պատրաստ եք 90 րոպե 3 ուղևորության համար 300 դրամով նվազագույն փաթեթ առաջարկել, ուրեմն՝ մեկ ուղևորությունն էլ 100 դրամով պետք է մնա»,-ասաց նա։
Կհաջողի նախագիծը, թե ոչ՝ ասաց, որ կրկին կախված է «Հանրային ձայն» խմբակցության «այն երկու անձից, որոնք միշտ օգնում են իշխանությանը բոլոր թանկացումների դեպքում»․
«Եթե չմիանան իշխանությանը, այլ սատարեն մեզ, այդ նախագիծը կհաստատվի»։