20/11/2024 21:56
«Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին
«Նորանշանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խստաբարո կին է երևում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում այսօր նշանակված Արփինե Սարգսյանին այսպես է բնութագրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
«Ընդհանարապես չեմ ճանաչում նրան, բայց դատելով ելույթներից` նորմալ իրավաբան է։ Թե նախարար իրեն ոնց կդրսևորի, չեմ կարող ասել։ Մի նախապայման կա` ոստիկանապետը պիտի լինի մարդ, որը համակարգին լավ ծանոթ է, համակարգում աճած, մեծացած է, հասկանում է հանցագործ աշխարհի հոգեբանությունը»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով՝ նախարարի և ոստիկանապետի գործը հանցավորության դեմ պայքարն է։ Կարևոր են կանխարգելիչ գործողությունները, որ այսօրվա նեգատիվը վերանա։
Հարցին՝ համակարգում հիմնականում տղամարդիկ են, ինչպե՞ս կընդունեն կին ղեկավարի նշանակումը, նախկին պաշտոնյան պատասխանել է՝ սկզբից կլինեն պատերի տակ խոսակցություններ, քննադատություններ, բայց հետո, եթե նա օբյեկտիվ լինի, մարդիկ հասկանան, որ գնահատվում է իրենց աշխատանքը, վերաբերմունքը կփոխվի։
«Ինքը պիտի կարողանա ոստիկանության նկատմամբ վերաբերմունքն ու հավատը փոխել։ Ես կնոջը երբեք չեմ թերագնահատել, և չնայած այդ ծառայությունը սիրում է բռունցք, սիրում է տղամարդու խոսք, բայց կարծում եմ` կինն էլ կարող է այս ամենը համակարգել։ Ուզում եմ թերահավատ չլինել», ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։