20/11/2024 10:48
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։
Պատճառը եղել է Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ ադրբեջանական իշխանությունների՝ Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքներում «նեոգաղութատիրության» մասին հայտարարությունները։
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ «այդ կանչը հետևում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և կանխարգելման ռիսկերի նախարար տիկին Անյես Պանիեր-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության այդ համաժողովին»։
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիացի նախարարը ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Բաքվում անցկացվող կլիմայի փոփոխության COP29 համաժողովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անընդունելի հարձակումներից հետո»։