20/11/2024 14:31
Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց, այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել «ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում են Հայաստան»։
«Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։
Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող էլ՝ բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար, զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է»,- Facebook-ում գրել է Երիցյանը։