21/11/2024 22:18
Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները
Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են առաջացնել մեջքի ցավ, իշիաս կամ այլ գանգատներ:
Ողնաշարի 24 ողերից յուրաքանչյուր հարևան երկու ողերի միջև առկա են սկավառակներ (դիսկ), որոնք ունեն ամորտիզացիայի նշանակություն և թույլ են տալիս, որպեսզի հեշտությամբ և անարգել կռանանք, պտտենք իրանը և այլն: Այս սկավառակները լցված են գելանման հեղուկով, որի շնորհիվ մեջքը դառնում է ճկուն:
Ողերը և միջողնային սկավառակները միասին շրջապատում և պաշտպանում են ողնուղերը, որը հանդիսանում է մարմնի նյարդերը գլխուղեղին կապող յուրահատուկ հանգույց:
Կան սկավառակի հետ կապված խնդիրների մի քանի տեսակներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը սկավառակի պատռումն է (հայտնի է նաև որպես պրոլափս), որի պատճառով գելանման զանգվածը դուրս է գալիս սկավառակի սահմաններից:
Ողնային սկավառակի այլ տեսակի խնդիրներից են՝
սկավառակի դեգեներատիվ ախտահարում, որն իրականում ոչ թե հիվանդություն է, այլ տարիքի հետ զարգացող բնական փոփոխություն,
վայր ընկնելիս կամ վթարի ենթարկվելիս առաջացած ողնային վնասվածքներ,
վարակ,
ողնաշարն ընդգրկող քաղցկեղներ:
Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրների գլխավոր ախտանիշներն են մեջքի ցավերը և նյարդացավը:
Մեջքի շրջանի ցավերի տեղակայումը և ուժգնությունը կախված է ախտահարված սկավառակից, ինչպես նաև վերջինիս ֆիզիկական՝ կառուցվածքային փոփոխությունից: Որոշ՝ բարձր տեղակայված սկավառակների ախտահարումը կարող է ուղեկցվել ոչ թե մեջքի, այլ՝ պարանոցի շրջանի ցավերով:
Նյարդացավը սովորաբար ի հայտ է գալիս, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է հարակից նյարդը: Ողնային սկավառակների խնդիրներով պայմանավորված ամենահաճախ հանդիպող նյարդացավը իշիասն է, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է նստանյարդը: Այս նյարդը ձգվում է սկսած հետույքից ու ազդրերից՝ մինչև ոտնաթաթեր: Ցավը կարող է լինել հանկարծակի և սուր՝ ճառագայթվելով դեպի սրունքի հետին մակերես, հասնելով ոտնաթաթեր: Ոչ հազվադեպ նման նյարդացավերը կարող են ուղեկցվել թմրածության զգացողությամբ և ծակծկոցներով:
Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են ունենալ տարբեր պատճառներ:
Ավելի հաճախ հանդիպում են սկավառակի պրոլափսը և դեգեներատիվ ախտահարումը:
Միջողնային սկավառակի պրոլափսն առաջանում է, երբ ի հայտ է գալիս այդ սկավառակի փափուկ կորիզի ճողվածք, որը դուրս է գալիս սկավառակի սահմաններից, ճնշում է հարակից նյարդարմատը և վերջինիս ձգման ժամանակ առաջացնում ցավ:
Սկավառակի կառուցվածքային վերոնշյալ փոփոխության վերջնական պատճառը հայտնի չէ, սակայն սկավառակի պրոլափսն ավելի հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր՝
միջին տարիքի են,
տղամարդկանց,
մեծ ծանրություններ են բարձրացնում կամ ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում,
գործի բերումով կամ աշխատանքային պայմաններից ելնելով երկար ժամանակի ընթացքում նստած են մնում,
գեր են:
Այս խնդիրն ավելի հաճախանում է տարիքին զուգահեռ: Ողնաշարային վնասվածքներ կամ վարակներ ունեցած անձանց մոտ ողնային սկավառակների դեգեներատիվ ախտահարման հավանականությունը բարձրանում է:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն