21/11/2024 17:09
Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Մոսկվա այցիս շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Խոսվել է այն մասին, որ պետք է հետևողական պայքար տանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ և թույլ չտալ ոտնձգություններ հայկական ինքնության դեմ: Ապացույցներով հիմնավորվել է հայկականության դեմ ադրբեջանական ռասիզմի և ատելության շարունակվող քաղաքականությունը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ»։