21/11/2024 14:51
Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից
Ավտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի աշխատանքների իրականացումն առաջնային նշանակություն ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 21-ին հանդիպելով Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը:
Զրուցակիցները կարեւորել են կառույցի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համատեղ այցերի իրականացումը: «Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի գործունեությունը նվիրված է ոլորտի կառավարման բարելավմանը, իսկ դա հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ մարդու իրավունքների հարգումը: Կարծում եմ, որ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն առավել քան արդիական է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալն Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի հետ համագործակցությունը կարեւոր է համարել օրենսդիր մակարդակում ոստիկանության, դատական համակարգի գործողություններում մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անթյե Ֆրիցը նշել է, որ կառույցը երկար տարիներ աջակցել է Հայաստանի՝ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, սակայն համագործակցությունը եղել է մակերեսային: Նրա խոսքով 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համագործակցությունը մտել է նոր փուլ՝ դառնալով առավել խոր ու էական:
Անթյե Ֆրիցը կարեւորել է հանձնաժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ համագործակցությունը՝ նկատի ունենալով կառույցի ապաքաղաքական լինելու հանգամանքը: