21/11/2024 09:15
«Փաստ». Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը բանակն է
«Փաստ» թերթը գրում է. «Շատ հաճախ պետություններում առկա ներքաղաքական դիրքավորումը պայմաններ է ստեղծում արտաքին քաղաքական միջավայրի ձևավորման համար։ Այսինքն, հիմնականում արտաքին քաղաքականությունը ձևակերպվում է պետության ներքին շահերից ելնելով։ Բայց Հայաստանի դեպքում մեր ներքին օրակարգը իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորվում է ոչ թե մեր երկրի, այլ արտաքին ուժերի ու հատկապես թշնամի պետությունների շահերին համապատասխան։ Այլ կերպ ասած՝ արտաքին պահանջները մեր երկրում ներքաղաքական մթնոլորտ են ձևավորում։ Դրա համար էլ ակներև կերպով առաջ են մղվում հակահայաստանյան, հակահայկական օրակարգի ուղղությունները, որոնցից ամենաառանցքայինը ազգային ինքնության և հայ ժողովրդի ինքնատիպությունը դրսևորող արժեքային համակարգի դեմ պայքարն է։ Իսկ այս արշավը կերպարանք է ստանում արժեքային հիմնասյուները քանդելու, պատմությունը և հիշողությունը մերժելու և սրբագրելու գործելակերպում։
Օրինակ՝ պատմականորեն հայ ժողովրդի համար արժեքային հիմնասյուներից է եղել Հայ առաքելական եկեղեցին, սակայն Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում իշխանությունները գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վարկաբեկեն Եկեղեցին։
Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը անվտանգության համակարգն է՝ մասնավորապես բանակը, որպեսզի այն ընդունակ չլինի կանգնել նոր պայքարի հիմքերում։
Հայաստանում իշխող վարչախմբի մյուս սև առաքելությունը պատմությունը սրբագրելը, ջնջելն ու լիովին նոր էջից սկսելն է։ Հենց այս քաղաքականության շրջանակներում է, որ «պատմական Հայաստանի» հայեցակարգը հակադրվում է «իրական Հայաստանի» հայեցակարգին։ Իսկ «իրական Հայաստանի» հայեցակարգը նշանակում է հրաժարվել Արցախից ու մեր պատմական իրավունքներից»։