Այսօր, 12:57
Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը
Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հունվար-դեկտեմբեր ամսիների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր հաստատել:
«Տարվա ընթացքում մենք կնվազեցնենք գույքի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով թիրախ խմբերին: Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: Այս ամիսների ընթացքում՝ մինչև մարտ շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ 2024 թվականին, այստեղ լուրջ փոփոխություններ չեն լինի։ Սակայն 2025 թվականի ապրիլից մինչև հունիսը ներառյալ մենք առաջարկում ենք սոցիալական չափը սահմանել 40 հազար դրամ՝ միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց, կերակրողին կորցրած անձանց, ինչպես նաև առաջին կամ երկրորդ կարգի համշանդամություն ունեցողներին: Իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում աջակցությունը կշարունակենք նույն անձանց համար՝ արդեն 30 հազար դրամի չափով»,-հայտարարեց նա:
Նախարարի խոսքով՝ ապրիլ ամսից առաջարկվող սոցիալական աջակցությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. «2024 թվականի հունիսից մենք արդեն իսկ ապահովել ենք բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագիրը, որը շահառուների որոշակի խմբերի արդեն իսկ հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել բնակարան: Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ մենք ունենք դրական միտում՝ ներառվելու մասով: Երբ հետևում ենք, տեսնում ենք, որ շուրջ 25 հազար տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում: Հետևաբար, կարծում ենք, որ պետական աջակցությունն աստիճանաբար պետք է հասցեագրվի առավել թիարախային խմբերին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագերեց, որ այս պահին բռնի տեղահանվածները ստանում են 40+10 հազարական դրամ՝ մեկ անձի համար, բոլոր նրանք, ովքեր ՀՀ-ում չունեն անշարժ գույք, իսկ նրանք, ովքեր Հայաստանում ունեն գույք, 1 անձին 10 հազարա դրամ՝ կոմունալի համար: Փաշինյանը հետաքրքրվեց, թե այլ աջակցության ծրագրեր կա՞ն:
Նախարարը հստակեցրեց, որ մինչև տարվա վերջ գործելու է 40+10 հազարը և ավելացրած կոմունալների 10 հազար դրամը:
Փաշինյանը նշեց, որ քայլ-քայլ պետք է հրաժարվել աշխատունակ մարդուն աջակցություն տրամադրելուց, բայց սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում պետք է աջակցել, որպեսզի հմտություններ ձեռք բերեն.«Պետք է քաջալերենք աշխատանքը։ Աղքատությունը կարելի է հաղթահարել աշխատանքով: Չկա այդպիսի տարբերակ, որ չաշխատես ու հաղթահարես աղքատությունը»: