Այսօր, 14:08
Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Հունաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պատրասի համալսարանում:
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, կարևորեց մի շարք ոլորտներում Հունաստանի գիտական փորձը և մասնավորապես ընդգծեց Պատրասի համալսարանի գիտակրթական և ուսումնամեթոդական բարձր մակարդակը:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստոս Բուրասը շնորհակալություն հայտնեց այցելության համար, ներկայացրեց համալսարանի գործունեության ուղղությունները, առանձնահատկությունները և գիտահետազոտական հաջողությունները: Ռեկտոր Բուրասը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու Հայաստանի համալսարանների հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, որը կարող է ամրապնդվել հուշագրի ստորագրմամբ:
Կողմերը պայմանավորվեցին քննարկված թեմաների շուրջ գործնական քայլեր ձեռնարկել և դիտարկել հուշագրի մշակման և ստորագրման հնարավոր մոտ ժամկետները:
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին և հայոց պատմությանը նվիրված գրականություն։