21/11/2024 09:24
«Հրապարակ». Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը և դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաև այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։
Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ և իրավիճակը կառավարելի դարձնել: Փարաքար համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն վերջին ընտրություններում մեծամասնության քվեն չստացավ, միայն գործարքի շնորհիվ 2 տարով համայնքի ղեկավարի պաշտոնը զիջեց ամենաքիչ ձայներ ստացած ուժին, ապա քրեական հետապնդումներով մի կերպ պոկեց այդ պաշտոնը Մինասյան դաշինքից, բայց մայիսին իր նշանակած համայնքապետն օրերս մի փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց և հրաժարական տվեց՝ քրեական աղմկահարույց պատմության կիզակետում հայտնվելուց հետո։
Իսկ Անահիտ Ավանեսյանի մասով մեր աղբյուրներն ասում են՝ համակարգը վատ վիճակում է` գոնե այն մասով, որը վերաբերում է պետական կառավարմանը, և ձախողված է առողջապահական ապահովագրության ներդրման հարցը։ Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին»։