21/11/2024 13:37
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ)
«Եթե հավատաս ու պայքարես, ամեն ինչ ստացվելու է», «երբեք չդադարես երազել», «մեզ բոլորիս հեքիաթ է պետք»... այս խոսքերն են, որ միշտ ասում ենք Նոր տարուն, իսկ հիմա՝ արդեն «Նոր տարվա կինո» ֆիլմը դիտելուց հետո։
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացավ «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ֆիլմն Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է, որը հանդիսատեսին հիշեցնում է՝ երբեք չդադարի երազել։
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ՝ Լիանա Վանոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լիա Զախարյանը, Վիկտորյա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Գրետա Մեջլումյանը, Անահիտ Քոչարյանը, Զառա Սահակյանը, Արթուր Կարապետյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆայել Հարությունյանը, և այլք:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, ներկայացվում է տեղի կոլորիտը, բարբառը, հումորները:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Եվան է, ով երազում է դառնալ դերասանուհի, ով հաճախ հիասթափվում է, բայց հետո հասկանում՝ պետք է գնալ երազանքի հետևից, անհնարին ոչինչ չկա։
Ֆիլմը դիտելիս տարբեր էմոցիաներ ես ապրում՝ ծիծաղ, հավատ, որ, իսկապես, երազանքները կատարվում են, ծանր ապրումներ, երբ խոսք է գնում Արցախի մասին։
Ֆիլմում նկարահանվել է նաև Արցախում բլոկադայի օրերից հայտնի փոքրիկ Մարիան, ում մասնակցությամբ դրվագները հուզեցին ամբողջ դահլիճին։
Հենց արցախցի Մարիայի շնորհիվ էլ Եվան սկսում է ուրիշ կերպ նայել իր երազանքին՝ հասկանալով, որ ավելի կարևոր երազանքներ կան աշխարհում ու դրանց իրականացման համար պետք է անել ավելին:
Եվան արդեն ուրիշ երազանք ունի: Նա հասկանում է, որ երջանիկ կարող է լինել միայն երջանիկ հայրենիքում ու որ հրաշքը ոչ թե պիտի նկարահանման հրապարակ տանի, այլ՝ տուն:
Ֆիլմի ավարտից հետո ռեժիսոր Ելենա Արշակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ բոլորիս հեքիաթ է պետք։
«Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքին, իսկ հրաշքի համար ամենալավ ժամանակը Նոր տարին է։ Այն, որ ֆիլմը կայացավ ու մենք այստեղ ենք, եղել է իմ ու Անահիտ Մխիթարյանի երազանքը: Այս օրը մեզ համար շատ սպասված էր, մեր երազանքներից մեկն էր, որ մենք խոսենք ու պատմենք մեր հոգու երազանքի մասին։ Ես կարծում եմ՝ ֆիլմում ամեն ինչ ասել ենք, ինչ որ պետք էր ասել։ Պետք է գալ, ֆիլմը նայել ու, վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ կհասկանա ֆիլմի մեսիջը»,- նշեց նա։
Ելենան «հոգու կանչով ու սրտով» է ընտրել արցախցի փոքրիկ Մարիային։
Երբ սկսել են աշխատել ֆիլմի վրա, չէին ընդգրկել ընդհանուր Արցախը, միայն Շուշին էր, հետո, ցավոք, ամեն ինչ փոխվեց։
Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ աշխարհում բոլոր հեքիաթները մեծերի համար են, որևէ հեքիաթ փոքրերի համար չէ, մեծերն ավելի շատ բան են սովորում հեքիաթից։
«Մեր ֆիլմի միակ մեսիջը, որ ուզում ենք հասնի տեղ, կարևորելն է սեփական երազանքը, բայց, դրան զուգահեռ հաստատ իմանալ, թե որն է ամենակարևոր երազանքը, որովհետև կան մանր երազանքներ ու մեծ երազանքներ։ Ես ուզում եմ, որ մարդիկ երբեք չդադարեն երազել, երբեք կասկած չունենան, որ ինչ-որ բան անհնար է, անհնարին ոչինչ չի լինում»,- ասաց նա։
Վիկտորյա Շամիրյանը, ով մարմնավորում է Եվայի կերպարը, երբ լսել է ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին, առանց մտածելու միանգամից համաձայնել է, որովհետև, նրա խոսքով, Ելենա Արշակյանի ֆիլմերը միշտ իմաստ ունեն։
Նա ֆիլմից հասկացել է՝ եթե հավատաս ու պայքարես, ամեն ինչ ստացվելու է։
«Բայց եթե մենք ուղղակի նստենք ու երազենք, ոչինչ չի ստացվելու»,- նշում է Վիկտորյան։
Վեց տարի առաջ նա երազում էր դերասանուհի դառնալու մասին, ու երբ վեց տարի առաջ առաջին անգամ Ելենա Արշակյանը նրան հրավիրեց սերիալում նկարահանվելու, հասկացավ՝ «երազանքը մի բան է, որը կատարվելու է»։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը ֆիլմը դիտելուց հետո շատ էմոցիոնալ էր, ասաց՝ մանրամասն վերլուծություն չի անի։
«Միայն կասեմ՝ հաճելի էմոցիաներ էին, բայց՝ ցավոտ։ Շատ ուրախ եմ, որ Ելենա Արշակյանը համարձակություն է ունեցել, որի համար իր դեպքում երբեք չեմ կասկածել, ցուցադրելու մեզ կադրեր մեր այն սրբավայրից, որի անունն է Արցախ»,- նշեց Ավետիսյանը։
«Նոր տարվա կինո»-ն ամբողջովին երազանքի մասին է ու բոլորի երազանքի։