21/11/2024 21:28
«Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել ՌԴ զինված ուժերին և ՌԴ քաղաքացիներին՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով հարվածելու կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին՝ 6 ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ Storm Shadow համակարգերով հարվածներ են հասցվել Կուրսկի և Բրյանսկի շրջաններին։
«Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ արևմտյան հեռահար հրթիռներով գրոհներից հետո։ Անհնար է հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ առանց այն երկրների մասնագետների ներգրավման, որտեղ այդ զինատեսակներն արտադրվել են, դա հայտնի է»,- ասել է Պուտինը։
Նա նաև շեշտել է․ «Հակառակորդի կողմից հեռահար զինատեսակների կիրառումը չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվելու են, իսկ էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային կպատասխանի»։
ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է նար իրադարձությունների ցանկացած զարգացման։
«Ռուսական նորագույն զինատեսակներին հակազդելու միջոցներ այսօրվա դրությամբ չկան»,- ասել է Պուտինը։